ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով Հայաստանում 2021 թվականին աղքատության ցուցանիշը կազմել է 26.5%, որը 2020-ի համեմատ որոշակի նվազել է, 2019-ի թվականի նկատմամբ՝ 0.1 տոկոսային կետով ավելացել:
«2019 թվականից նոր մեթոդաբանությամբ է հաշվարկվում աղքատության ցուցանիշը եւ մինչեւ այդ եղած տվյալները չենք կարող համեմատել 2019-ից հետո տվյալների հետ:
Մենք ծայրահեղ աղքատության դեպքում ունենք 0.1% ցուցանիշով աճ 2019 թվականի նկատմամբ, իսկ 2020 նկատմամբ ծայրահեղ աղքատությունը 0.8%-ով աճ է ապրել:
Ցավոք, ավելի օպերատիվ տվյալներ աղքատության ցուցանիշների վերաբերյալ չունենք: Մենք մեր աղքատության կառուցվածքը պետք է խորը վերլուծենք եւ աղքատության հաղթահարման ռազմավարությունը մշակենք մեր գաղափարաբանության շրջանակում, որն է՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով, այլ տարբերակ չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այսօր աշխատաշուկայում աշխատուժի դեֆիցիտի խնդիր կա, «երկրում պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել գործազրկությունը»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ իր հերթին ասել է, որ 2022 թվականին գործազրկությունը մինչեւ 13% նվազել է: